«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապ...

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի տարածքում, «Տելեգրամ»  հավելվածի միջոցով,  թմրանյութ իրացնելու վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Ոստիկանության աշխատակիցները Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղում նկատել են կայանված «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենա և դրա մոտ կանգնած երկու երիտասարդի, որոնցից մեկի ձեռքին եղել է սպիտակ գույնի պոլիէթիլենային տոպրակ։ Երիտասարդներից մեկը հայտարարել է, որ դրանում առկա զանգվածը հանդիսանում են «Մարիխուանա»  տեսակի թմրամիջոց։

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է նշված անձանց ինքնությունը, ովքեր Աբովյան քաղաքի բնակիչներ են՝ 22 և 28 տարեկան:

Նրանցից մեկը ավտոմեքենայի բեռնախցիկից իրավապահներին է ներկայացրել պոլիէթիլենային մեկ այլ տոպրակ՝ սև, դեղին, կարմիր և կանաչ գույների մանր փաթեթներով։ Նա հայտնել է, որ նշված փաթեթներում առկա է «Մարիխուանա»  տեսակի թմրամիջոց, որոնք ինքը «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք է բերել՝ հետագայում իր կողմից նույն հավելվածի միջոցով իրացնելու նպատակով՝ միաժամանակ նշելով, որ ժամեր առաջ Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում, իրացնելու նպատակով, տեղադրել է նմանատիպ 7 փաթեթ, որոնք նկարել և ուղարկել է «Տելեգրամ»  ալիքի համապատասխան էջին՝ դրանք հետագայում վաճառելու նպատակով։

Նկատի ունենալով, որ երիտասարդների արարքում առերևույթ առկա է հանցավոր իրավախախտման դրսևորում, վերջիններս ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին, որտեղ նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով 89 հատ պոլիէթիլենային փաթեթ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք հանգամանքներ:

Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ երիտասարդները «Տելեգրամ» սոցիալական կայքի՝ ինքնությունը պարզվող օգտատիրոջ հետ թմրամիջոց իրացնելու շուրջ նախնական համաձայնությամբ, խմբով, շահադիտական դրդումներով, Լոռու մարզում տեղադրելու և յուրաքանչյուր տեղադրված փաթեթից գումար ստանալու պայմանով, Փամբակ համայնքի բնակավայրերից մեկից ապօրինի կերպով ձեռք են բերել և իրենց մոտ ապօրինի պահել ընդհանուր 100 փաթեթ «Մարիխուանա» և «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ, որոնց տեղադրելուց հետո դրանք լուսանկարել են և տեղակայման հասցեների հետ միասին ուղարկել «Տելեգրամ» սոցիալական կայքի նշված օգտատիրոջը:

Նախաքննության ընթացքում պարզվել են թմրամիջոցների թաքստոցներից 8-ի գտնվելու վայրը, որոնցից 5-ը հայտ­նա­բեր­վել և վերց­վել են քննչական գործողությունների ընթացքում, իսկ 89 փաթեթը հայտնաբերվել և վերցվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ծառայողների կողմից 28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ:

Հիշյալ փաթեթների պարունակությունն ու բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Աբովյան քաղաքի նշված բնակիչներին ներկայացվել է մեղադրանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթայում ներգրավված այլ անդամների առկայությունը, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: