ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք...

Աշխարհում միգրանտների դրամական փոխանցումները հայրենիք 2000-ից մինչև 2022 թվականն աճել են 650 %-ով՝ հասնելով 831 միլիարդ դոլարի:Այդ մասին զեկույց է հրապարակել Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկությունն է։

«Միջազգային միգրացիան մնում է մարդկային զարգացման և տնտեսական աճի շարժիչ ուժը, ինչի մասին է վկայում 2000 թվականից մինչև 2022 թվականը միջազգային դրամական փոխանցումների ավելի քան 650 %-ով աճը: Դրանք 128 միլիարդ դոլարից հասել են 831 միլիարդ դոլարի», - նշել են Միգրացիայի միջազգային կազմակերպությունում:

Ըստ գնահատումների՝ աշխարհում կա 281 միլիոն միգրանտ:

Զեկույցում ընդգծվում է, որ «աճը շարունակվել է՝ չնայած բազմաթիվ վերլուծաբանների կանխատեսումներին, թե դրամական փոխանցումներն էապես կնվազեն COVID-19-ի պատճառով»։ Դրամական փոխանցումների առյուծի բաժինը՝ 647 մլրդ դոլար, «միգրանտներն ուղարկել են ցածր և միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներ»։ Այդ դրամական միջոցները կարող են կազմել ՀՆԱ-ի զգալի մասը, և գլոբալ մասշտաբով դրանք «գերազանցում են օտարերկրյա ուղղակի ներդրումներն» այդ պետություններում:

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, հակամարտությունների, բռնության, տարերային աղետների և այլ պատճառներով տեղահանված անձանց թիվն աշխարհում աճել է՝ հասնելով 117 միլիոնի՝ ամենաբարձր մակարդակի արդի ամբողջ պատմության ընթացքում, ինչն «ընդգծում է  տեղահանման ճգնաժամերի լուծման անհետաձգելիությունը»: Դրա հետ մեկտեղ միգրացիայի մեծ մասը «կրում է կանոնավոր, անվտանգ և տարածաշրջանային առումով կողմնորոշված բնույթ»: